հայ

Դիլիջան՝ ճարտարապետական խաչմերուկում տեղակայված քաղաք

Դիլիջան, 1900-ական թվականներ

Հայ ճարտարապետության ու քաղաքաշինության շրջանակներում Դիլիջանն եզակի երևույթ է։ Տարբերվելով թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային ոճից՝ դիլիջանյան ոճը զարգացել է բառացիորեն կես դարում, առանց մասնագիտական ​​միջամտության։ Հենց այդպիսի բնականանոն ու սրընթաց եղանակով Դիլիջանն անցավ տարածության գյուղական հատակագծումից քաղաքայինի տանող ճանապարհը։

Դիլիջանի ժամանակակից ճարտարապետական ​​տեսքը սկսել է ձևավորվել 19-րդ դարում։ Հնագիտական ​​գտածոները վկայում են այն մասին, որ բնակավայրերն այստեղ հիմնադրվել են արդեն վաղ բրոնզե դարում: Սակայն այժմ, ցավոք, կարելի է միայն կռահել, թե ինչ տեսք ունեին նրանք։

1.jpg
Բնակավայրի` Խրտանոցի կիրճում (Դիլիջան) հայտնաբերված բնակելի մասի հատակագիծ, էնեոլիթ։ Նկարը՝ Ա.Ա.Մարտիրոսյանի «Գոլովինոյի պեղումները» գրքից

Տարբեր դարաշրջանների ճարտարապետական ​​ավանդույթների մասին գիտելիքների հիմքով Մետաքսի ճանապարհի վրա նախագծում են Կուր-Արաքսյան քաղաքակրթության ժամանակաշրջանի կլոր շենքեր, քարե կամուրջներ և ընդարձակ քարավանատներ, ցածր, «քար քարին» դրված միջնադարյան կացարաններ։ Միջնադարից մնացել են նաև տպավորիչ հուշարձաններ, սակայն դրանք բոլորը գտնվում են Դիլիջանի մերձակայքում։ Իսկ քաղաքի անկախ ճարտարապետական ​​պատմությունն ամեն դեպքում սկսվել է մոտ 1830 թվականին։

2.jpg
Դիլիջանի ընդհանուր տեսքը, 1930-ական թվականներ՝ հարյուր տարի անց

Նոր մեկնարկ. 19-րդ դարի առաջին կես

Այդ ժամանակ Դիլիջանը Աղստև գետի երկայնքով ձգվող, նեղ անտառապատ կիրճում տեղակայված բնակավայրերից մեկը՝ «ըստ ոմանց՝ Կովկասում ամենագեղեցիկ» փոքրիկ բնակավայր էր։ Ռուս-պարսկական վերջին պատերազմի արդյունքում (1826-1828 թթ.) Դիլիջանը զրկվեց գրեթե ողջ հայ բնակչությունից, սակայն «փոխհատուցվեց» ռուսական ռազմական կայազորով։ Դրա ներկայությունն ավանում երաշխավորում էր որոշակի ապահովություն, և շուտով շրջակա գյուղերի բնակիչները սկսեցին տեղափոխվել ավերված տարածքներ։ 

Տեղի գաղթականների շինությունները տեղական ժողովրդական ճարտարապետության տիպիկ օրինակներ էին։ Հենց նրանք էլ դարձել են հիմք սեփական ոճի համար, որը մենք այժմ անվանում ենք դիլիջանյան։

Դիլիջանի կամ մոտակա գյուղերից մեկի փողոց, 1930-ական թթ․

Ընդհանուր տեսքը, տների դասավորությունը, ժողովրդական կամ տեղական ճարտարապետության հիմքով իրականացվող ​​շինարարության համար նյութերի ընտրությունը կախված են բնական պայմաններից, հասանելի ռեսուրսներից, կենցաղային սովորություններից և բարոյական սկզբունքներից: Դիլիջանում առաջին շենքերը հիմնականում իրենցից ներկայացնում էին տեղական չմշակված քարից՝ բաց մոխրագույն բազալտից և գորշ-կանաչ, կապույտ և ավազագույն կրաքարից կառուցված մեկ, մեկուկես, հազվադեպ՝ երկհարկանի տներ։ Շարվածքը առանձնահատուկ է, անհարթ, նույնիսկ քաոսային. ինչպես կոշտ բազալտը, այնպես էլ փխրուն կրաքարը շատ դժվար է մշակվում։

Լուսամուտախորշերը և դռնախորշերը հաճախ ծածկված են եղել Հայաստանի համար ավանդական աղեղնաձև կամ կիսաշրջանաձև կամարներով։ Կղմինդրներով ծածկված բարձր երկհարկանի տանիքները տեղումների առատության թելադրանքն են։

Հին տուն Մյասնիկյան փողոցում

Բակի ճակատի երկայնքով տեղադրվել է լայն ծածկ։ Մեկուկես-երկհարկանի տներում դրա դերը կատարում էր սանդուղքով բաց պատշգամբը․ այն միացնում էր տան բնակելի հատվածն ու բակը։

Հին դիլիջանյան տուն. Բակ

Բարձրության կտրուկ փոփոխություններով բարդ ռելիեֆը կանխորոշել է շինության տեռասային դիրքը:

Քաղաքի համայնապատկեր, 1900-ական թվականներ

Ամառանոցային պատմությունը․ 19-րդ դարի երկրորդ կես

Բնակչության աճին զուգահեռ մեծացավ Դիլիջանի հանդեպ՝ որպես «բուժիչ օդով» վայրի նկատմամբ ուշադրությունը։ Թիֆլիսից և Բաքվից ունևոր հայեր սկսեցին գալ գյուղ՝ հանգստանալու և ապաքինվելու նպատակով։ Այս երևույթը հատկապես զանգվածային դարձավ Թիֆլիսը Երևանին կապող և Դիլիջանով անցնող լավ ճանապարհի կառուցումից հետո։ Եվ եթե նախկինում «Դելիջանի կիրճի գեղեցկությունները» «հազվադեպ էին հայտնի որևէ մեկին», ապա այժմ դրանք դարձել են հասանելի և սիրված։

«Ամառանոցաբնակներն» իրենց հետ բերեցին հարմարավետ և գեղեցիկ բնակավայրերի մասին նոր գաղափարներ։ Նրանք իրենց տները զարդարում էին իրենց համար սովորական դարձած թիֆլիսյան ոճով։ Այդ տարիներին Դիլիջանի կորիզի գյուղական շինությունները սկսեցին ամբողջությամբ քաղաքային տեսք ստանալ։ 

DA_DM_PH007_Dilijani-kapi-hanguyci-nakhkin-shenqy-1950.jpg
գլխավոր ֆասադի երկայնքով ձգվող պատշգամբ` դիլիջանյան ճարտարապետության նոր տարր

Տները դարձան ավելի բարձր, ճակատի ողջ երկայնքով «ծածկվեցին» պատշգամբներով և վերնասրահ-տեռասաներով։ Իսկ որ ամենակարևորն է դրանով նրանք թեքվեցին դեպի հարևանները և անցորդները։ Ավանդական ապրելակերպի համար, որի շրջանակներում ընտանեկան կյանքն ընթանում էր տան և բակի ներսում, սա իսկական մարտահրավեր էր։

_DA_DM_PH217.-Gregory-Atarbekyan-stayed-in-this-house-in-Dilijan-in-1921.jpg
Հին բնակելի տուն

Տեղական ամառանոցային շինարարության առանձնահատկությունն այն է, որ սովորաբար այդպիսի բնակավայրը ապրիորի ժամանակավոր է, սեզոնային, ձգտում է համախմբվել նույն տեղանքում: Դիլիջանում, ընդհակառակը, տները ձեռք էին բերում անհատական առանձնահատկություններ՝ մրցելով իրենց դեկորով։ Ցանցկեն փայտյա փորագրությունը զարդարում էր պատշգամբները, քիվերը, վերնաճակատները։ Դիլիջանի ամենաբնորոշ տեխնիկան ակոսավոր «շաբակները», կրկնվող զարդանախշերն ու «պերֆորացիան» է:

Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը՝ կառուցված 1890-ական թվականներին

Թիֆլիսյան ձեռագիրը նկատելի է նաև պատշգամբների մանր վանդակավոր բաժանումների ապակեպատման գործում։

Հին տուն Մյասնիկյան փողոցում

Միևնույն ժամանակ, դիլիջանյան ոճը և թիֆլիսյան ոճը նույնը չեն։ Վերջինս, թեև որոշակի ուղղություն էր սահմանել, սակայն վերամշակվել է։ Այդ գործընթացում մեծ ներդրում են ունեցել մոլոկանները։

Հին տուն Դիլիջանի Գոլովինո թաղամասում (մոլոկանների նախկին գյուղ)

Ժողովրդական ճարտարապետությունների սինթեզ. 19-րդ դարի կեսից երկրորդ կես

1840-ական թվականներին Դիլիջանի հարևանությամբ հաստատվեց մոլոկանների մեծ համայնք։ Մոլոկաններն իրենց մեկուսացած էին պահում, սակայն մասնակցում էին դիլիջանյան արհեստների ձևավորմանն ու զարգացմանը։ Առաջին հերթին դա վերաբերում էր փայտամշակմանը։ Նախշավոր «թիֆլիսյան» պատշգամբները լրացնում էին յուրօրինակ ճաղավանդակները, փորագրված բազրիքները, հեծանները և այլ մեծ փայտե տարրեր։

Հետևելով մոլոկանների օրինակին՝ դիլիջանցիները սկսեցին օգտագործել փայտը առաստաղների երեսպատման համար՝ այս կերպ զարդարելով ինչպես ինտերիերն, այնպես էլ մուտքի հատվածները։

Փոխվել են Դիլիջանի տների կտուրները. համաչափ երկթեք տանիքները նոսրացել են «սխալներով», կոտրվածքներով։

Հին փողոց

Դիլիջանի ճարտարապետական ​​ձեռագրում մոլոկանների ամենանկատելի շտրիխը դարձել են սպիտակ սվաղված պատերը։

DA_DM_PH432.-Old-house-in-Dilijan.jpg
Բնակելի տուն

Դիլիջանյան տան ոճը ձևավորող տարրերն են՝

  1. 1. կղմինդրե տանիք,
  2. 2. բարձր երկթեք ջարդված տանիք,
  3. 3. փորագրված քիվ,
  4. 4. լուսամուտախորշի աղեղնաձև շարվածք,
  5. 5. ջարդված բնական քարից շարվածք,
  6. 6. հարդարման հատված՝ տեղական աղյուսներից,
  7. 7. սվաղած սպիտակ պատ,
  8. 8. փողոցի վրա կախված պատշգամբ-վերանդա,
  9. 9. փորագրված հեծաններ,
  10. 10. շաբակ ոճով ձևավորված պարիսպ,
  11. 11. շուշաբանդ՝ պատշգամբի ապակեպատ հատվածը։

Քաղաքի կարկասը. 19-րդ դարի վերջ— 20-րդ դարի սկիզբ

Սեփական ճարտարապետական ծածկագիր ստեղծելուն զուգահեռ Դիլիջանը փոխվեց սոցիալական տեսանկյունից։ Նրա հյուրերի թվում կային մշակութային և գիտական միջավայրից բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք նախաձեռնեցին միջոցառումներ և նպաստեցին նորի սահուն ընդունմանը։

Լուրջ գործընթացներ էին տեղի ունենում նաև հենց Դիլիջանի ներսում։ Որոշ ընտանիքներ, անցյալում թողնելով գյուղատնտեսական գործերը, սկսեցին զբաղվել առևտրով, արվեստով, բժշկությամբ, ռազմական գործով։ Մեծացավ կրթության և մշակույթի պահանջարկը, և այն այլևս հնարավոր չէր բավարարել միայն այցելուների համար նախատեսված դրվագային միջոցառումներով: Դիլիջանում հայտնվեցին սեփական թատրոնը, դպրոցը և գրադարանը։

Ղազարոս Աղայանի անվան գրադարանի հին շենքը

Տեղացի արհեստավորներն ու վաճառականները ոչ միայն բնակելի շենքերի առաջին հարկերն են առանձնացրել որպես արհեստանոցներ և վաճառակետեր, այլև առանձին տարածքներ են կառուցել դրանց համար:

Առևտրի կենտրոն Մյասնիկյան փողոցում

Այս ամենն արտացոլվեց թաղամասերի կառուցվածքի ձևավորման սկզբունքներում։ Բնակավայրի ժողովրդագրական գործոնը փոխարինվեց սոցիալ-տնտեսականով, ի հայտ եկան տարբեր նշանակության հասարակական գոտիներ։ Առևտրի օբյեկտների շրջակայքում գտնվող շենքերն ավելի խտացան։ Աճեց ակտիվությունը նաև մշակութային և ժամանցի վայրերում։

DA_DM_PH150.-Matinov_s-spring-on-Dilijan_s-Myasnikyan-street-1940s-50s.jpg
«Մատինովի աղբյուր»՝ վաճառական Վագան Մատինովի կողմից 1880-ական թվականներին ստեղծված աղբյուր։ Քաղաքի խորհրդանիշներից մեկը

20-րդ դարի սկզբին Դիլիջանում արդեն ձևավորվել էին քաղաքաշինական համակարգի կորիզը և մի շարք կրկնվող քաղաքային տեսարաններ։

Փոստային բացիկ, 1900-ական թթ․

«Դիլիջան կոչվող վայրը նման է փոքրիկ քաղաքի․ հայկական խանութների շարքեր, ջրաղացներ, փոստ, հեռագրատուն, խնայբանկ, բազմաթիվ շատ ինքնատիպ և գեղեցիկ փայտե տներ՝ երկու հարկերում տեղակայված տարբեր սրահներով, բոլորովին նոր եկեղեցի... Լինելով ամբողջովին շրջապատված այգիներով, ծառերի կույտերով, ամբողջովին քերծերի և ժայռերի վրա տեղակայված՝ Դիլիջանը հիշեցնում է անտառային կիրճերում թաքնված գերմանական գեղատեսիլ քաղաքներ».

Եվ միևնույն ժամանակ, քաղաքը մնաց բնական վառ լանդշաֆտի մեջ լավ ներգրավված: Այնքան լավ, որ շատ ճանապարհորդներն երբեմն ամբողջ կիրճին տալիս էին «Դիլիջան» անվանումը։ Նման ներհատուկ ինտեգրումը բնական միջավայր Դիլիջանի մեկ այլ առանձնահատկությունն է։

Համենայն դեպս այն Դիլիջանինը, որը հաջորդ դարաշրջան թևակոխեց մեծ աղետների, փոփոխությունների, տեխնոլոգիական ու արդյունաբերական բեկումների դարաշրջան։

Oգտագործված աղբյուրների ցանկ

Հոդվածում օգտագործվել են Դիլիջանի համայնքային կենտրոնի արխիվից վերցված լուսանկարներ https://dilijancommunityarchive.org/  իսկ մեջբերումները վերցված են «Արարատյան լեռներում» (Կովալևսկի Ե.Պ. և Մարկով Է.Ս.), «Ձմեռային ճանապարհորդություն Կովկասի լեռներով» (Մարկով Է.Ս.) և «Արարատի վրա» (Մորդովցև Դ.Լ.) գրքերից։