հայ

Դիլիջանն այսօր: Ճարտարապետությունը և համայնքը․ փոփոխություններն առցանց

Դիլիջանը, որը ոչ վաղ անցյալում համարվում էր խորհրդային նշանակության առողջարանային կենտրոն, խոշոր ձեռնարկությունների քաղաք, տարածաշրջանի կարևոր մշակութային վայրերից մեկը, 21-րդ դարի սկզբին կորցրել էր իր նշանակալի դիրքը բոլոր թվարկված կետերով։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, Հայաստանի շրջափակումը, Առաջին արցախյան պատերազմը, ԽՍՀՄ փլուզման հետ կապված տնտեսական և արդյունաբերության անկումը. Դիլիջանը վերապրել է բոլոր այս իրադարձություններն՝ իրենց սարսափելի հետևանքներով հանդերձ։ Դատարկված առողջարաններ, սնանկացած արտադրամասեր, լքված տներ, տապալված կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքներ, ամայացած մշակութային և սպորտային օբյեկտներ, գործազրկություն, բնակչության արտահոսք։ Հարվածի տակ հայտնվեցին քաղաքի բոլոր կենսական ոլորտները։

Հին տուն Դիլիջանի կենտրոնում՝ Մյասնիկյան փողոցում։ Ներկայիս տեսքը։

Այն մի քանի էական դերերը, որոնք Դիլիջանը պահպանեց այդ տարիներին, պայմանավորված էին քաղաքի տեղակայմամբ։

Կիսով չափ տարանցում, կիսով չափ առողջարան

Դիլիջանը շրջապատված է Ազգային պարկ-արգելոցով, քաղաքից կես ժամվա հեռավորության վրա է գտնվում Կովկասի խոշորագույն լիճը՝ Սևանը, շուրջբոլորը բազմաթիվ բնական և պատմական հուշարձաններ են։ Անփոփոխ են մնացել և մեղմ կլիման, և հանքային աղբյուրները։ Եվ, իհարկե, միջանցիկ քաղաքի գործառույթը, որը առաջին հայացքից կարող է որպես կասկածելի առավելություն ընկալվել, սակայն հետպատերազմյան Դիլիջանի վիճակը հաշվի առնելով՝ կարելի էր համարել հաջողված։ Քաղաքը տեղակայված է այնպիսի ճանապարհների խաչմերուկում, որոնք միավորում են Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքները՝ Երևանը և Թբիլիսին, ինչպես նաև մարզկենտրոն Իջևանն այլ խոշոր հայկական քաղաքների՝ Վանաձորի, Սպիտակի և Գյումրու հետ։
Ցավոք, այստեղ կորուստները ևս անպակաս էին։ Դիլիջանի ճանապարհը հասանելի էր միայն մեքենայով երթևեկելու համար։ Երկաթուղային կայարանը դեռ 1988 թվականին կորցրեց իր դերը՝ շրջափակումից ու դեպի Ադրբեջան երթևեկության դադարեցումից հետո։ Ավելի ուշ՝ 1990-ականներին, միջքաղաքային ավտոբուսների հոսքը ևս դարձավ անկանոն, փակվեց ավոտակայանը։

Այնպես որ, այս դարի սկզբում Դիլիջանի առավելությունները հիմնականում նշանակալի էին ներքին՝ հայ «օգտատերերի» համար։ Այնուամենայնիվ, այսպիսի տեղային հետաքրքրությունը բավական էր նրա համար, որ կատարվեին քաղաքի վերածննդին և դրա նոր նշանակության ձևավորմանն ուղղված առաջին լուրջ քայլերը։

Վերադարձ ավանդական ճարտարապետությանը

Զբոսաշրջային Դիլիջանի այցեքարտը դարձավ նրա ուրույն ճարտարապետական ոճը, որը ձևավորվել էր մեկ դար առաջ։ Այս ոլորտի ամենավառ նախագծերից է 19-րդ դարին կառուցված և այժմ վերականգնված «Հին Դիլիջան» հյուրանոցային համալիրը։

«Հին Դիլիջան» համալիր

Համալիրը ներառում է մի քանի շինություն քաղաքի պատմական կենտրոնում։ Դրանք այն շինություններն են, որոնց վերականգնման գործը դեռ 1970-ականներին հանձն էր առել Հովհաննես Շարամբեյանը։ Այժմ նկարչի երազանքն ի կատար է ածում Թուֆենկյան հիմնադրամը: Հյուրանոցից և հուշանվերների խանութից զատ, այստեղ գործում է թոնրատուն, ազգային խոհանոցը ներկայացնող ռեստորան և արհեստանոցներ։
Նույն ուղին են ընտրել նաև ոլորտի այլ նշանավոր անձինք։

Տուն Արմենի փոքրիկ գյուղակ

Տուն Արմենին հին դիլիջանյան տների անսամբլ է՝ շրջապատված այգով։ Միևնույն ժամանակ այն հյուրանոցային համալիր է, որը ներառում է ռեստորան և համաշխատանքային տարածք։ Մի քանի տարի առաջ այստեղ վերակառուցման աշխատանքներ են իրականացվել։ Նախագծի հեղինակների՝ Երազիկ Մարտիրոսյանի ու Մուշեղ Գոնչոյանի շնորհիվ այստեղ պահպանվել է յուրօրինակ ճարտարապետությունը, և ընդգծված է տեղի կոլորիտը։
Դիլիջանի հյուրընկալության ոլորտի շատ հաստատություններ առանձնանում են ազգային արհեստների պահպանմանը և զարգացմանն ուղղված իրենց ջանքերով։ Տուն Արմենիում ներկայացված արհեստներից է խոհարարական վարպետությունը: Այստեղ անցկացվում են հայկական ազգային ուտեստների պատրաստման վարպետության դասեր։
Դիլիջանի յուրօրինակ ոճն օգտագործվում է զբոսաշրջիկների հետ աշխատող շատ հաստատությունների, ինչպես նաև քաղաքի վարչակազմի կողմից։

Հուշանվերների խանութ (ձախից) և ավտոբուսի կանգառ (աջից)

Հյուրանոցներից, ռեստորաններից, խանութներից ու արհեստանոցներից, ինչպես նաև հանրային տրանսպորտի կանգառներից ոչ բոլորն են պատկանում քաղաքի հին վերականգնված ֆոնդին։ Կան նաև նոր հաստատություններ, որոնցից շատերը բավականին որակյալ են:
Դիլիջանի յուրօրինակ ոճի վերականգնման հաջողված օրինակներից է SVANNCH Architects ստուդիայի նախագծով կառուցված «Դիլիջանի տուն» հյուրանոցային համալիրը։

«Դիլիջանի տուն» համալիրի մի մասը

Տեղի խոհանոցի, ճարտարապետության և բնության հետ հյուրերին ծանոթացնելուց բացի, «Դիլիջանի տուն»-ն իր վրա է վերցրել ողջ թաղամասի ենթակառուցվածքների բարեկարգման պատասխանատվությունը։ Նախատեսվում է բարեկարգել նաև համալիրի տարածքում գտնվող բնական հանքային աղբյուրը։
Սոցիալական ուղղվածություն ունի նաև Դիլիջանի թերևս ամենահայտնի սրճարանը՝ Սրճարան #2-ը։
Աշխատակիցներն այստեղ հիմնականում դեռահասներ են, ովքեր ստանում են աշխատանքի և հաղորդակցության փորձ։ Սրճարանը նրանց անվանում է քաղաքի դեսպաններ։ Բայց և հենց ինքը սրճարանն է գերազանց ներկայացնում Դիլիջանը։

Սրճարան #2-ը՝ քաղաքային զբոսայգու լճի ափին

Սրճարանը նայում է հենց այն հայտնի խաչմերուկին և հանդիսանում է դիլիջանյան համայնքում տեղի ունեցող կարևոր գործընթացների ինքնատիպ խորհրդանիշ: Այստեղ անցկացվում են հասարակական քննարկումներ և թեմատիկ միջոցառումներ, որոնք միտված են քաղաքի զարգացմանը։ Մասնակիցները տեղի դեռահասներն ու երիտասարդներն են՝ նրանք, ովքեր ձևավորելու են վաղվա Դիլիջանը։

Նոր ճարտարապետությունը՝ որպես փոփոխությունների արտացոլում և շարժիչ ուժ

Նախկինում տարանցիկ ճանապարհորդների համար բեռնափոխման կետ հանդիսացող Դիլիջանը բավականին արագ վերածվեց ինքնուրույն և հետաքրքիր զբոսաշրջային ուղղության։ Այստեղ շատ մեծ դեր ունեն խանդավառ տեղաբնակները, ովքեր վերակենդանացնում են ազգային գաղափարները, ինչպես նաև ձեռներեցներն, ովքեր ապահովում են ժամանց, էքսկուրսիաներ և հարմարավետ կացություն։

Դիլիջանի տեսարժան վայրերի շարքում հատուկ տեղ են գրավում Երկրագիտական թանգարանը և պատկերասրահը։ Նախկինում թանգարանը գործում էր 1926 թվականին կառուցված հին շենքում։

Շինությունը, որում մինչև տեղափոխվելը գտնվում էր Երկրագիտական թանգարանի հավաքածուն

Նախկին շենքը կառուցվել է որպես քաղաքի առաջին հյուրանոց, հետագայում ծառայել է որպես հիվանդանոց և որոշ ժամանակ՝ որպես քաղաքի ադմինիստրատիվ շենք։ 2005 թվականին նախկին շենքը քանդվեց։ Նույն տեղում կառուցվեց թանգարանի նորակառույց շենքը՝ համայնքի ֆինանսավորմամբ և համայնքի նախկին գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանի նախագծով, որտեղ էլ թանգարանը տեղափոխվեց 2010 թվականին։

Շենքը կառուցվել է նեոդասական կամ այսպես ասած «նեոհայկական» ոճով, որը ձևավորվել էր դեռևս 1920-ական թվականներին Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Դիլիջանում այսպիսի շինության կառուցումը կարելի է վերագրել կամ սովետական ճարտարապետության իներցիային, կամ գուցե Հայաստանի անկախության առաջին տասնամյակում ձևավորված մայրաքաղաքային միտումներին, որտեղ առաջնային էր ոչ թե նախագծի՝ տեղին լինելը, այլ անցյալի նշանակալի շինությունների վերաիմաստավորումն ու վերամշակումը։

Դիլիջանի Երկրագիտական թանգարանը և պատկերասրահը

Շքամուտքը նույնությամբ կրկնում է Դիլիջանի մերձակայքում գտնվող Հաղարծնի վանքի արևմտյան մուտքը։ Որմնասյուները ևս՝ իրենց հարթ սյունագլուխներով և հիմքի խոյակներով, կրկնում են վանքի սյուները։

Թանգարանի երկու հարկերը միավորող շքամուտքի ապակե հատվածի զարդանախշ շրջանակը միջնադարյան Հայաստանի մեկ այլ հայտնի հուշարձանի՝ Հաղպատի վանքի ձևավորման տարրերից է՝ համաչափորեն մեծացված:

Ճակատը զարդարում են ազգային զարդապատկերներով համեստ խորաքանդակները, խուլ կամարները և ուղղանկյուն ձեղնահարկը։ Ճակատամասի վերևում տեղադրված է արվեստի մուսայի քանդակը, որը խորհրդանշում է թանգարանում ցուցադրված արվեստի գործերը։ Հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն է։ Թանգարանի ճակատային մասում կան նրա ևս մի քանի աշխատանքներ՝ աստվածաբան Գրիգոր Նարեկացու քանդակը՝ որպես մշակույթի խորհրդանիշ, պատմաբան Մովսես Խորենացունը՝ որպես հայոց պատմության խորհրդանից, հայոց պետականությունը ներկայացնող Տիգրան Մեծ թագավորինը և ռազմական փառքը մարմնավորող ուրարտացի ռազմիկինը։

Ասկետիկ ոճով ձևավորված կողային ճակատները խախտում են պատկերի ամբողջականությունը։ Չնայած դրան՝ շենքին նայելիս երևում է նրա կարևորությունը, երևում է, թե այն որքան գնահատված է քաղաքի կողմից։

Իսկ ներսում թանգարանը նաև շատ հարմարավետ է. ընդարձակ, լուսավոր նախասրահը տարածքի կապակցվածության զգացում է ստեղծում և հաճախ օգտագործվում է ժամանակավոր ցուցահանդեսների և վարպետության դասերի համար: Մինչ դրսի այցելուների համար այն պարզապես մի հավելում է «ինչ տեսնել Դիլիջանում» ծրագրին, դիլիջանցիների համար վերաբացված թանգարանը դարձել է իրենց հայրենի քաղաքի մշակութային և պատմական արժեքի նյութական ապացույցը։

Նկարչության դաս՝ շրջապատված Երկրագիտական թանգարանի ցուցանմուշներով

Հին ավանդույթների, ինչպես նաև սովետական առողջարանային քաղաքի կերպարի վերականգնմանն է ծառայում Նվեր Դանիելյանի մեկ այլ նախագիծ՝ 2009 թվականին կառուցված նոր ամֆիթատրոնը։ Անտիկ ոճով կառուցված այս անսամբլը գրեթե մոռացված գմբեթավոր ամառային թատրոն Ռոտոնդայի հետնորդն է, որն անցած դարում հանդիսանում էր դիլիջանցիների հպարտությունը։ Բացի այդ, ոճական տեսանկյունից, այն շատ լավ է հանգավորվոմ քաղաքի մեկ այլ խորհրդանիշի՝ Մատինովի հուշաղբյուրի հետ, որը գտնվում է ամֆիթատրոնի դիմացի մայթին։
Այստեղ անցկացվում են երիտասարդական և թատերական միջոցառումներ, իսկ «հին» միջավայրը և քաղաքի տեսարանը գրավում են զբոսաշրջիկներին։

Նոր ամառային ամֆիթատրոնը

Դիլիջանյան և նեոդասական ոճի նոր շինությունների ֆոնին հատկապես առանձնանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ Այն բացվել է 2013 թվականին՝ տարածաշրջանային զարգացմանը նպաստելու ԿԲ սոցիալական պատասխանատվության շրջանակում։

ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը

Նեոմոդեռնիզմի ոգով կառուցված այս գլանաձև շինության նախագծի հեղինակներն են «Արմպրոյեկտի» ճարտարապետներ Լևոն Խրիստաֆորյանը (Շիրակ և Էրեբունի օդանավակայանների համահեղինակ) և Էրիկ Օհանյանը: Կտրտված պարույրի տեսքով ու կլոր հատակագծով շենքը գտնվում է բլրի բարձունքի վրա: Ներքևից՝ քաղաքի կողմից, երևում է միայն վերին հատվածը, որում արտացոլվում են ծառերն ու երկինքը։ Այս տեսարանն ինչ-որ չափով հիշեցնում է Դիլիջանի անտառներում թաքնված բազմաթիվ լճերից մեկը:

ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը

Կենտրոնում անցկացվում են միջազգային համաժողովներ, ինչն օգնում է միջազգային, տարածաշրջանային և ներքաղաքային կրթական ու սոցիալական նախաձեռնությունների զարգացմանը և Կենտրոնը դիրքավորում որպես տարածաշրջանի առաջատար գիտակրթական կենտրոն։

Կենտրոնական բանկի մասնակցությամբ բացվել է նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցը։

Դիլիջանի կենտրոնական դպրոցը

Այն ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում։ Դիլիջանի կենտրոնական դպրոցում իրականացվող ծրագրերի բովանդակությունը մշակում և վերահսկում է «Այբ» կրթական հիմնադրամը։

Ավանդույթների պահպանումը դպրոցի առանցքային արժեքներից է: Այս արժեքն իր արտացոլումն է գտել դպրոցի ճարտարապետության մեջ։ Հայկական «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի նախագծում միանգամից աչքի է ընկնում տեղի ավանդական ճարտարապետության և արդի ճարտարապետության համադրման փորձը։
Համալիրը բաղկացած է 4 մասնաշենքից (տարրական դպրոց, միջին դպրոց, վարչական մաս և դահլիճի մասնաշենք), որոնք իրար են կապվում մեկ միջանցքով: Հեղինակները որոշեցին հրաժարվել քարով և փայտով ձևավորման դիլիջանյան ավանդույթից՝ նախապատվությունը տալով ապակուն, մետաղին և բետոնին։ Կղմինդրը փոխարինվեց ծալքաթիթեղով։
Ճարտարապետական արվեստանոցի առջև խնդիր էր դրված ստեղծել այնպիսի յուրահատուկ կրթական համալիր, որտեղ երեխաները կզգան իրենց ինչպես տանը:

Հեղինակները հիմնվել են այն գաղափարի վրա, որ տանից բացի, դասասենյակն է այն վայրը, որտեղ աշակերտները սովորում են և զարգացնում իրենց արժեքային համակարգը:

Ահա թե ինչու Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախագծման ընթացքում որպես դասասենյակների մոդել ընդունվեց հենց Դիլիջանի ավանդական փայտե տների ձևը, իսկ ընդհանուր դպրոցի կոմպոզիցիան հիշեցնում է Դիլիջանի փողոցները:

Նախագծի հայեցակարգի նպատակն էր վերարտադրել Դիլիջանին բնորոշ միջավայրը:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի միջանցքը

2019 թվականին Դիլիջանի կենտրոնական դպրոցը դարձավ Build School Project ճարտարապետական մրցույթի հաղթողը։

Քաղաքում իրականացված հաջորդ կարևոր նախագիծը 14-րդ Միացյալ աշխարհի քոլեջն է (United World College - UWC), որը բացվել է 2014թ. Դիլիջանում: Հայաստանում միջազգային դպրոց ստեղծելու ծրագիրը նախաձեռնվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից, որպեսզի աշխարհի տարբեր վայրերից ուսանողներ գան, բնակվեն և սովորեն Հայաստանում:

Դպրոցի գերժամանակակից կամպուսն անմիջապես ընդգրկվեց երկրի տեսարժան վայրերի ցանկում՝ ողջ աշխարհից գրավելով ճարտարապետությամբ և կրթությամբ հետաքրքրվողների ուշադրությունը:

UWC Դիլիջանի ուսումնական մասնաշենքը

Դպրոցի ուսումնական մասնաշենքը երկրի առաջին կանաչ շինությունն է։ 2015թ. UWC Դիլիջանին շնորհվել է բնապահպանական կառուցապատման չափորոշիչների BREEAM հավաստագիր, որն անվտանգության, հարմարավետության և շրջակա միջավայրի վրա ազդեցության չափանիշների բարձր նշաձող է սահմանում:

Ճակատամասի և տանիքների վրա աճող բուսականության շնորհիվ կանաչ պատերն ու տանիքները միաձուլում են այս համալիրը բնական լանդշաֆտի հետ, իսկ ուսումնական մասնաշենքի կոր տանիքը կարծես շրջակա բլուրների եզրագծերի շարունակությունը լինի:

Նախագծի հեղինակ, բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը հաջողությամբ ինտեգրել է շենքը Դիլիջան ազգային պարկի հետ, որի սահմանին էլ գտնվում է դպրոցը:

UWC Դիլիջանի բնակելի մասնաշենք

Նախագծում լայնորեն կիրառվել են դիլիջանյան ճարտարապետությանը բնորոշ տարրեր և նյութեր, օրինակ՝ քարի շարվածքը, փայտե զարդանախշ պատշգամբները, կարմիր կղմինդրե տանիքները։ Առաջին հայացքից դպրոցական համալիրը հին քաղաքային թաղամասի արդիականացված տարբերակ է հիշեցնում, եթե չլիներ հայկական, բայց Դիլիջանին ոչ բնորոշ ոճով, կարմիր և սև տուֆով զարդարված շինությունների շարքը։

UWC Դիլիջանի համալիրը

Ճարտարապետական ոճերի միախառնումն արտացոլում է UWC շարժման հիմնական գաղափարը՝ միջմշակութային և միջազգային համագործակցություն հանուն կայուն ապագայի։

Դիլիջանում երկարաժամկետ հաստատվում են բազմաթիվ օտարերկրացի ուսանողներ, դասախոսներ և մասնագետներ։ Քաղաքի փողոցներում օտար լեզվով խոսքը սովորական է դարձել: Զարգանում է հյուրընկալության ոլորտը: Տարեցտարի աճում է սպասարկման և առևտրի ոլորտի ձեռնարկությունների թիվը։ Բուն դպրոցի կառուցման փուլում ներգրավվել են տեղացի վարպետներ, իսկ այժմ դպրոցի նախաձեռնությամբ զարգանում են տարածաշրջանային կրթական հարթակներ։

Այսպես հանրության մեջ ձևավորվում են կարևոր արժեքներ, ինչպիսիք են շարունակական կրթությունն ու ինքնակրթությունը։ Նախկին փոքրիկ զբոսաշրջային քաղաքը վերածվում է երկրի առաջատար կրթական կենտրոնի։

2016 թ. Դիլիջանը ներառվեց UNESCO-ի Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցում։ Այս քայլով քաղաքը դարձավ որակյալ կրթության հնարավորությունների ստեղծման շուրջ համաշխարհային երկխոսության մասնակից։

Վերափոխման այս կարևորագույն գործընթացը մեկնարկած հաստատությունները՝ ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը և UWC Դիլիջանը, կարողացել են գործարարների և բարերարների ուշադրությունը սևեռել դեպի Դիլիջան։

Դիլիջանն այսօր Հայաստանում կառուցապատման ոլորտի առաջատարներից է՝ ներառյալ բնակֆոնդի կառուցումը։ Իրագործման փուլում գտնվող հետաքրքիր օբյեկտ է Mountain Terraces ակումբային ավանը։

Mountain Terraces ակումբային բնակելի ավանի նախագիծը

Ավանի ճարտարապետության մեջ շահեկան կերպով օգտագործվում է լեռնային ռելիեֆը. այն դարավանդներով իջնում է դեպի բլրի լանջը։ Նախագիծն իրականացվել է PROFORMA ստուդիայի կողմից՝ կանաչ չափորոշիչների և կայուն զարգացման սկզբունքների նկատառումներով։ Դեռ վաղ է այս մոտեցումները «դիլիջանյան թրենդ» անվանելու համար, ինչպիսին է դիլիջանյան թրենդը, սակայն խոշոր կառուցապատողները արդեն սկսել են հետևել այս միտմանը։

Ժամանակակից կառուցամապումը՝ սովետական պատվանդանի վրա

Դիլիջանի ժամանակակից ճարտարապետությունը ներկայացնում են ոչ միայն նոր շինությունները: Քաղաքում կան սովետական շենքերի վերակենդանացման գերազանց օրինակներ:

2013 թվականին Կենտրոնական բանկի մասնակցությամբ Դիլիջանում գործարկվեց պատանիների համար նախատեսված անվճար կրթական ծրագրի՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղը։

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիլիջանյան մասնաճյուղի ուսանողները

Կենտրոնը տեղակայվեց Ղազարոս Աղայանի անվան նախկին գրադարանի շենքում, որը հանդիսանում է հայկական մոդեռնիզմի օրինակ։ Շենքը տուժել էր 1988 թվականի երկրաշարժի ժամանակ, իսկ մի քանի տարի առաջ վերակառուցման լուրջ աշխատանքներ էին տարվել:

ԹՈՒՄՈ Դիլիջանը՝ վերակառուցումից հետո

Վերանորոգման նախագիծը երևանյան d’Arvestanots բյուրոյինն է։ Ճարտարապետները փոխել են շենքի համամասնությունները, ավելացրել բնակելի հարկ և տանիքին կառուցել բաց տաղավար։

Շինության մետաղյա կմախքը որպես լրացում է ծառայում արդեն իսկ առկա տարրերի համար։ Պատուհանների միջև եղած բլոկները կրկնում են քարե ֆրիզների ձևը, հաճախակի հանդիպող նեղ պատուհանները էլ ավելի վեր են ձգում շինությունը։ Ինտերիերում «հայ-թեք» ոճի լուծումներ են տրված։ Դրանցից են որոշ առանձին հանգույցներ, ինչպես նաև շինության օդափոխման համակարգը և վառ գույները։

ԹՈՒՄՈ Դիլիջանի հյուրատան ինտերիերը

Էլ ավելի նշանակալի փոփոխություններ կատարվեցին ԽՍՀՄ կինոգործիչների միության հանգստյան տան հետ։ Շենքում նախատեսվում էր տեղակայել Ֆինանսների նախարարության կրթական կենտրոնը, սակայն 2017 թվականին Երևանից այստեղ տեղափոխվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, ԽՍՀՄ կինոգործիչների հանգստյան տան նախկին շենք

Վերակառուցման նախագծով զբաղվում էր Երևանի Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի համահեղինակ Ալբերտ Զոհրաբյանի ստուդիան՝ ZAART Architects-ը։ Տարածքային և նախագծման լուծումները մասնակի պահպանվել են, սակայն ամբողջությամբ նորացվել են ինժեներական ենթակառուցվածքները, ընդլայնվել և վերանայվել է տարածքների ֆունկցիոնալը։

Կինոգործիչների տան ճակատամասը (ձախից), Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը (աջից)

Գլխավոր ճակատամասի նկարը պահպանվել է, բայց երեսպատումը փոխարինվել է սպիտակ միատոն տրավերտինով և վիտրաժային ապակիներով, փայտե տարրերը չեն վերականգնվել, վերացվել են նաև մուտքերի կամարները։ Նախկին հանգստյան տունը լիովին զրկված է Դիլիջանին բնորոշ գծերից։ Փաստացի, համալիրն ամբողջովին նոր շինություն է դարձել։ Սակայն, հաշվի առնելով շենքի վիճակը մինչ վերակառուցումը, այսպիսի վերականգնումն, անխոս, մեծ առավելություն է։

Վերագործարկվել են ու նոր շունչ են ստանում Դիլիջանի հին արդյունաբերական օբյեկտները։ Լքված հացի գործարանի նախկին շենքը և վարչական մասը դառնալու են ALLUR բնակելի համալիրի մի մասը։

ALLUR բնակելի համալիրի մասնաշենքերից մեկի նախագիծը

Վերականգնված ճակատամասերը պահպանում են արդյունաբերական ճարտարապետությանը բնորոշ գծերը, իսկ պենտհաուսների տանիքները կրկնում են դիլիջանյան շենքերի եկլանջ ծածկերի ոճը։ Մնացած առումներով «Ստորակետ» ստուդիայի նախագիծը միանգամայն արդի պատմություն է, որ պատմում է նորարարությունների և շրջակա միջավայրի պահպանման, ինչպես նաև անվտանգության ու հանրային տարածքների մտածված լինելու մասին։

Վերջինս դարձել է Դիլիջանում մի շարք նախագծերի կարգախոսը։ Այսպիսով, Դիլիջանի քաղաքային զբոսայգին՝ տեղացիների սիրելի վայրերից մեկը, նույնպես դառնում է այդ նվիրումի խորհրդանիշը։

Դիլիջանի քաղաքային զբոսայգի

Զբոսայգու վերականգնման հայեցակարգը քննարկվում էր ճարտարապետների, սոցիոլոգների, գործարարների, քաղաքի վարչակազմի և բնակիչների հետ, ու սա համագործակցային նախագծման հիանալի օրինակ է։ Այս աշխատանքն իրականացրել է ռուսական «Проектная группа 8» թիմը։

Նորոգման ընթացքում չի փոխվի այգու բնական տեսքը, բայց այն կդառնա ավելի հասանելի և անվտանգ։ Կավելանան այգի այցելելու շարժառիթները՝ ակտիվ հանգստի նոր տարբերակներով, զարգացման հնարավորություններով ու միջոցառումների համար նախատեսված հարթակներով։

Զբոսայգում արդեն իսկ վերականգնված է զբոսանավերի վարձակալությունը, անցկացվում են փառատոներ, թռչնադիտումներ ու աստղադիտումներ, գործում են նաև VereV պարանայգին և «Դիտարան» 3D կինոթատրոնը, կառուցվում է ժայռամագլցման համալիր և սրճարան։

VereV պարանայգի

Հետիոտնային ուղիների նոր բարեկարգված համակարգով զբոսայգու հատվածները կկապվեն քաղաքի հարակից շրջաններին։
Քաղաքի տարածքների միջև կապի հիմնումը Դիլիջանում նկատվող կարևորագույն գործընթացներից է։ Նույն խնդրի լուծմանն է ուղղված ազգային արգելոցում նոր հետիոտնային և հեծանվային արահետների կազմակերպումը։ Դրանցից մի քանիսը սկսվում են քաղաքում։ Արդեն կա ավելի քան 20 երթուղի, որոնք տանում են դեպի վանքեր, ճարտարապետության և բնության հուշարձաններ, լեռնագագաթներ։

Ուղեցույցներ․ Դիլիջանի քաղաքային զբոսայգի

Կարգի է բերվել Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի տարածքը: Բարեկարգումից և կանաչապատումից զատ նաև վերականգնվել են համալիրի բոլոր հուշարձանները, այդ թվում՝ հսկայական ալյումինե քանդակը (ծնունդով դիլիջանցի քանդակագործ և քաղաքի վերջին գլխավոր հատակագծի համահեղինակ Խորեն Վաթինյանի աշխատանքը)։

Ազատարար զինվորի վերականգնված հուշարձանը (տեղադրված 1985 թ․)

2023 թվականի դեկտեմբեր ամսին Դիլիջանում վերակառուցումից հետո կրկին բացվեց մարզահամալիրը։ Տիպային սովետական շենքը երկուհազարականների կեսերին արդեն նորոգվել էր, բայց ներկա վիճակում այն չէր կարող խմբակների մեծ ընտրություն առաջարկել և թույլ չէր տալիս ընդունել բոլոր ցանկացողներին։ Օրինակ՝ աղջիկներն այստեղ մարզվել չէին կարող. մարզահամալիրում հիմնականում ուժային սպորտաձևեր էին։

Green Rock Management Group ընկերության և Դիլիջանի համայնքապետարանի իրականացրած կապիտալ վերանորոգման մեջ ներառված են շենքի ճակատային հատվածները և բոլոր ներքին տարածքները։ Մարզադահլիճներն ու հանդերձարանները համալրված են ամբողջովին նոր կահավորմամբ և սարքավորումներով։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 սան, ընդլայնվել է հասանելի մարզաձևերի ու խմբակների ցանկը:

Դիլիջանի մարզադպրոցի մեծ դահլիճը. վերակառուցման սկիզբը և արդյունքը

Դիլիջանը՝ որպես դիլիջանցիների հարստություն

Դիլիջանն աստիճանաբար վերադարձնում է ուրույն մշակույթով և ճարտարապետությամբ հետաքրքիր վայրի իր հեղինակությունը։ Քաղաքը նաև ամրապնդում է իր դիրքը՝ որպես կրթվող և կրթող քաղաք։ Դիլիջանը դարձել է գայթակղիչ վայր ակտիվ հանգստի սիրահարների համար՝ ընդլայնելով իր սպորտային և հանգստյան հնարավորությունները։

Նոր բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ քաղաքային զբոսայգում

Քաղաքային միջավայրի բարելավման, հասարակական նախագծերի աջակցման և քաղաքի ներդրումային գրավչության բարձրացման նպատակներով 2012 թվականին IDeA հիմնադրամի կողմից մեկնարկել է Դիլիջանի զարգացման ծրագիրը։ Ծրագրի խնդիրներից է այնպիսի համակարգի ստեղծումը, որտեղ հին և նոր օբյեկտները լրացնելու են միմյանց՝ առանց պատմական և մշակութային համատեքստը խախտելու։

Ծրագրի շրջանակներում իրականացվել են վերը նշված նախագծերից մի քանիսը՝ Տուն Արմենին, VereV-ը, Սրճարան #2-ը, քաղաքային զբոսայգու վերակառուցումը։

MADE արվեստների և արհեստների հարթակը

Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում ստեղծվել է MADE արվեստների և արհեստների հարթակը, որտեղ արվեստագետները՝ արվեստասեր բնակիչների հետ միասին, ստեղծագործում են, կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով համայնքի հետ, ստեղծում են Դիլիջանը բնորոշող յուրօրինակ հուշանվերներ։ Հարթակը պարբերաբար իրականացնում է կարողությունների զարգացման դասընթացներ, վարպետության դասեր, խորհրդատվություններ և այլ նախաձեռնություններ։

Հյուրընկալության ոլորտի զարգացման հարցում կարևոր քայլ է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի (TIC) բացումը։ Մի կողմից՝ այն ստեղծվել է Դիլիջանի հյուրերին օգնելու համար. այստեղ նրանք կարող են տեղեկանալ քաղաքի և դրա հարակից շրջանների մասին, ինչպես նաև Ազգային արգելոցի տարածքում արշավների համար քարտեզներ և սարքավորումներ ստանալ։ Մյուս կողմից՝ տեղեկատվական կենտրոնը նախաձեռնում և համակարգում է միջոցառումներ, անցկացնում է դասախոսություններ զբոսաշրջային թեմայով։

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը (TIC) և համաշխատանքային տարածքը՝ քաղաքային զբոսայգում

Դիլիջանի զարգացման ուղին առանձնահատուկ է իր միասնականությամբ ու «բոլորը բոլորի հետ» համատեղ գործունեության սկզբունքով, որով միավորվում են տեղի համայնքը, քաղաքի վարչակազմը և բիզնեսը:

Շատ բան է արվել այդ ուղղությամբ Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center, DCC) կողմից։ Ժամանակին այն ստեղծվել է որպես UWC քոլեջի ուսանողների և քաղաքի երիտասարդների միջև համագործակցության հարթակ։ Վաղուց արդեն այդ առաջադրանքը հաղթահարելուց և աճելուց հետո DCC-ն դարձել է դրական փոփոխությունների դարբնոց, որի հյուրընկալ, աջակցող ու ներառող միջավայրի շնորհիվ յուրաքանչյուր ոք իրեն զգում է գնահատված ու հարգված, ունի սեփական ներուժը բացահայտելու և այն իր անձնական աճի ու համայնքի զարգացմանն ուղղելու հնարավորություն: Կենտրոնն առաջարկում է կրթական, մշակութային, համայնքային հզորացմանն ուղղված ամենատարբեր նախագծեր՝ բոլոր տարիքային խմբերի համար։ 2021 թվականից այն հանդիսանում է«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի մեծահասկաների կրթության 4-րդ կենտրոնը Հայաստանում:

Կենտրոնը նաև իրակնացնում է նախագծեր՝ միտված Դիլիջան համայնքի պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Այդ հաջողված նախագծերի շարքում են «Դիլիջանի համն ու հոտը» բաղադրատոմսերի գրքույկը, «Դիլիջանյան արխիվ» լուսանկարների հավաքածուն։ Այսպիսի «ընտանեկան» նախագծերը համայնքի անդամների աջակցության և փոխվստահությամբ լի հաղորդակցման կարիքն ունեն։

«Դիլիջանյան արխիվի» լուսանկարներից՝ քաղաքի և ընտանիքների պատմություն

Ակտիվ հանրության մասին են խոսում նաև այլ սոցիալական և բնապահպանական նախաձեռնությունները, որոնք ծնվել են ինչպես խոշոր հավակնոտ ծրագրերի հետ համագործակցելով, այնպես էլ դրանցից զատ։ Dilijan Development Foundation-ը (DDF) կազմակերպում է հանդիպումներ հետաքրքիր մարդկանց՝ քաղաքի բնակիչների և հյուրերի հետ, ինչպես նաև սպորտային, բարեգործական միջոցառումներ ու շաբաթօրյակներ։ EcoDili նախագծի շրջանակում հիմնադրամը բնապահպանական թեմայով իրազեկման աշխատանք է կատարում, անցկացնում է էկո-արշավներ դեպի Ազգային արգելոց։

DDF-ի կողմից կազմակերպված EcoDili շաբաթօրյակին

Անցյալ տարի ներգաղթած բնակիչների կողմից գործարկվել է Dilijan Care բարեգործական հիմնադրամը։ Այն զբաղվում է փողոցային շներով, կազմակերպում է նրանց ստերջացումը, պատվաստումը և տեղավորումը, սովորեցնում է մեծահասակներին և երեխաներին, թե ինչպես շփվել շների հետ։

Դեռևս 2008 թվականին Դիլիջանում մեկնարկել է ևս մեկ նախագիծ՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (YCCD)։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել համայնքի զարգացմանը` երիտասարդ կանանց և տղամարդկանց կարողունակությունների զարգացման ու զբաղվածության ապահովման միջոցով, որի ուղղությամբ կազմակերպությունն իրականացնում է բազմազան ծրագրեր։

Դիլիջան, մեր օրեր

Այսպես թե այնպես, գրեթե բոլոր ներքաղաքային ծրագրերը, որոնք ուղղված են Դիլիջանի բարելավմանը և բարեփոխմանը, լինեն դրանք տեղական թե լայնամասշտաբ, փոխազդում են միմյանց հետ։ Տեղաբնակների ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ նրանք իրենց համարում են քաղաքի լիիրավ մասը, իսկ քաղաքը՝ իրենց ընդհանուր ժառանգությունը։

Օգտագործված աղբյուրների ցուցակ:

Հոդվածում օգտագործվել են Impulse Business Management (IBM) մամլո ծառայության արխիվի և բաց աղբյուրների լուսանկարներ, այդ թվում՝

«Արմենպրես» լրատվական գործակալություն
www.armenpress.am/rus/
ՀՀ Պաշտպանության նախարարության թերթ
www.hayzinvor.am
Հայաստանյան սպորտային լուրեր
www.sportball24.com/
Դիլիջանյան DCC արխիվ
dilijancommunityarchive.org/
Construction.am նախագիծ
www.construction.am/arm/
GoToDili նախագիծ
www.gotodili.com/
Հայաստանի Կենտրոնական բանկ
www.cba.am/
UWC Dilijan քոլեջ
www.uwcdilijan.org/
Թուֆենկյան հյուրանոցների ցանց
www.tufenkianheritage.com/
Հայաստանի ուղեցույց
www.armeniajourneyguide.com/
«Ստորակետ» ստուդիա
www.storaket.com/
Green Rock Management Group ընկերություն
www.greenrock.am/

Ինչպես նաև մասնագիտական և սոցիալական էջերից՝

d'Arvestanots
www.behance.net/dabavog
Դիլիջանի երկրագիտական թանգարան
www.facebook.com/diilijanmuseum/
Dilijan TIC
www.facebook.com/DilijanTIC
ԹՈՒՄՈ
www.facebook.com/tumocenter/
UWC Dilijan
www.facebook.com/UWCDilijan
Դիլիջանի տուն
www.facebook.com/dilijanitunhotel
DILIJAN / ԴԻԼԻՋԱՆ խումբ
www.facebook.com/groups/dilijangroup
MADE
www.facebook.com/MadeRooms