հայ

Բիզնես երկխոսություն Հայաստանի և Ռուսաստանի միջև. նոր հնարավորություններ առևտրի և ներդրումների աճի համար

Օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքների ներկայացուցիչների գործնական նախաճաշը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։

Նախարարները ներկաներին պատմեցին երկու երկրների մակրոտնտեսական իրավիճակի մասին, ներկայացրին արդի վիճակագրական տվյալները և կիսվեցին համատեղ նախաձեռնությունների վերաբերյալ իրենց կանխատեսումներով։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի յոթ ամսում կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Առաջին յոթ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը կազմում է 3,7 միլիարդ դոլար, 2 միլիարդ դոլար՝ Հայաստանից, 1,7 միլիարդ դոլար՝ Ռուսաստանից արված արտահանումների մասով։ Սա 70 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի, իսկ անցած տարի 2021-ի համեմատ ունեցել ենք կրկնակի ապրանքաշրջանառություն»,- նշեց նախարարը։

Իր հերթին, ՌԴ  Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում ռազմավարական խնդիրներ են մնում փոխադարձ ներդրումները, նոր նախագծերը, համագործակցությունը, Հայաստանում ստեղծվող ապրանքների և արտադրանքի ավելացված արժեքի մասնաբաժնի ավելացումը, որը հիմա անհրաժեշտ է Ռուսաստանին։

«Ռուսական տնտեսության վերակազմակերպումը մեծ հնարավորություններ է ընձեռել, որոնք արդյունավետորեն օգտագործվում են Հայաստանի կողմից։ Շատ կարևոր է առավելագույն ազատություն տալ բիզնեսին, որպեսզի բիզնեսն ինքը կարողանա իրականացնել այդ վերակազմավորումը։ Դրա վրա խաղադրույքը կատարվել է 2022 թվականին, և դա հաստատված է։ Շատ ուրախալի է, որ այս ամբողջ վերակառուցումը հնարավորություններ է ընձեռում մեր ընկերների և հարևանների համար։ Կարևոր է, որ Հայաստանի տնտեսությունն իսկապես օգտվի այս բոլոր հնարավորություններից, և դա քաջ գիտակցում են այստեղի մեր գործընկերները, վարելով իրենց տնտեսական քաղաքականությունը»,- ասաց Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր, Հյուրընկալության ոլորտի ազգային միության պատվավոր նախագահ Հրանտ Բաբասյանն առաջարկել է կազմակերպել հյուրընկալության ոլորտի ֆորում՝ երկու երկրների տնտեսությունների զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով։

«Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտը զարգանում է բարձր տեմպերով, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրումների համար: Առաջարկում եմ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման շրջանակում կազմակերպել ֆորում հյուրընկալության ոլորտում, որտեղ հնարավոր կլինի ցուցադրել առկա զբոսաշրջային նախագծերը, քննարկել ներդրումային հնարավորությունները և երկխոսության ու կարծիքների փոխանակման հարթակ ստեղծել երկու երկրների պետությունների, բիզնեսների և արտադրանք արտադրողների համար»,- նշեց նա։

111.jpgԼուսանկարի աղբյուր newsarmenia.am