հայ

Impulse Space՝ նոր ցուցահանդեսային տարածք Դիլիջանում

Դիլիջանում բացվում է Impulse Space-ը՝ Impulse Management Company ընկերության ցուցահանդեսային հարթակ, շփման տիրույթ և հանրային գրասենյակ: Դիլիջանին նվիրված մշտական ցուցադրությունն ու տեղական ստարտափները ներկայացնող ցուցահանդեսները հասանելի կլինեն այցելության և էքսկուրսիաների համար: Impulse Space-ի մշտական և ժամանակավոր ցուցադրություններն իրականացվում են Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ:

IMG_0651-Улучшено-Ум. шума.jpg «Իմպուլս» հոլդինգային ընկերությունը նոյեմբերի 17-ին բացեց իր Impulse Space հանրային գրասենյակը։ Այստեղ Դուք կարող եք մանրամասն ծանոթանալ «Impulse management company» ընկերության դիլիջանյան նախագծերին և դրանց եռաչափ մակետներին: Բացի այդ, տարածքը կվերածվի բաց հարթակի` դասախոսություններ և քննարկումներ անցկացնելու, արտասահմանյան և հայաստանյան ճարտարապետների, շինարարների, ուրբանիստների, դիզայներների, սոցիոլոգների և մշակութաբանների միջև փորձի և գիտելիքների փոխանակման համար: Հանրային միջոցառումների հիմնական թեման քաղաքային զարգացումն է՝ կենտրոնացած Դիլիջանի և քաղաքային նորարարությունների վրա: Impulse Space-ի մշտական ցուցադրության գաղափարի հիմքում ընկած է քաղաքի զարգացման թեման: Երկար տարիներ աշխատելով Դիլիջանում, «Իմպուլս» ընկերությունը մեծածավալ նյութեր է հավաքել քաղաքի ճարտարապետության և բնակիչների մասին։ Ցուցանմուշները ներկայացնում են հակիրճ և բովանդակալից փաստեր Դիլիջանի մասին՝ որպես առողջարան, արդյունաբերական և կրթական կենտրոն անցյալում և ներկայում: Բնօրինակ արտեֆակտներն ու ճարտարապետական մանրակերտները, նկարներն ու գծագրերը բացահայտում են արտասովոր պատմություն և ապագայի մեծ ծրագրեր ունեցող քաղաքի ոչ ակնհայտ ուրվագծերը: Ճարտարապետական նախագծերի գծագրերը, ավանդական շինանյութի տարրերը, պատմական լուսանկարներն ու մանրակերտները կպատմեն Դիլիջանի մասին։

IMG_1248-Улучшено-Ум. шума.jpg

Ժամանակավոր ցուցադրությունները նվիրված են Դիլիջանի ներկային ու ապագային, դրանց հերոսները նրանք են, որոնք իրենց գտել են հենց Դիլիջանում՝ բիզնես ստարտափներ և սոցիալական նախագծեր ձեռնարկողներ: Ծրագրի մեկնարկը կտրվի «Տեղի զգացում» ցուցահանդեսով՝ նվիրված Անի Հարությունյանի նախագծերին։ Անին Դիլիջանում ժամանակակից հայկական խոհանոցի բնագավառում իրականացվող նախագծերի («Caffeine Coffee Roasters» սուրճի բովարաններ, «Ootelie» հացի փուռեր, «Arm Food Lab» սննդի լաբորատորիաներ) էկոհամակարգի հեղինակն է։
Ցուցադրությունը պատմում է դեպի նպատակ տանող իմաստների, սեփական բիզնեսը կառուցելու փորձի, ճանապարհակիցների և համախոհների մասին՝ սխալների, ձախողումների և հաջողության բանաձևը գտնելու միջոցով, «Համբերություն և սեր արածիդ հանդեպ»: Ցուցադրությանը ներկայացված են ոչ միայն Անիի լուսանկարները, անձնական իրերն ու կենդանի պատմությունները, այլև ինտերակտիվ ցուցանմուշներ։ Օրինակ հատուկ ցուցահանդեսի համար ստեղծված «Տասնհինգ» խաղի միջոցով կարող եք Անիի հետ միասին անցնել իր անցած ճանապարհով և ճանաչել Դիլիջանը նրա աչքերով։ 

IMG_1143-Улучшено-Ум. шума.jpg Impulse Space-ի մուտքն ազատ է բոլորի համար հինգշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-18:00: Հասցե՝ Դիլիջան, Գետափնյա փողոց 2։ 

Impulse management company-ն զարգացման և տարածքների բարելավման ոլորտներում ակտիվներ և ներդրումներ կառավարող հոլդինգային ընկերություն է: Ընկերությունը մշակում և իրականացնում է զարգացման ծրագրերում ներդրումներ կատարելու ռազմավարություններ, ղեկավարում է հյուրընկալության ոլորտում իրականացվող կոմերցիոն նախագծեր, զբաղվում է բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի ամբողջական ցիկլի զարգացմամբ, զարգացնում է տարածքների բրենդինգը, բացահայտում է մարզերի ներուժը զբոսաշրջային արտադրանքի զարգացման միջոցով։

IMG_0671-Улучшено-Ум. шума.jpg