հայ

Տաթևում կանցկացվի «Սարերում» իմերսիվ փառատոնը

Հունիսի 24-ին և 25-ին կկայանա Սյունիքի պատմության և լեգենդների յուրօրինակ «Սարերում» իմերսիվ փառատոնը։ Միջոցառման ծրագիրը ներառում է ներկայացումներ Սյունիքի մարզի նշանակալի իրադարձությունների և ականավոր գործիչների մասին։ Փառատոնի մուտքն անվճար է։ Այս մասին այսօր հայտարարվեց «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Փառատոնի երկու օրերի ընթացքում այցելուները Տաթևի վանքի մոտ կկարողանան մասնակցել Սյունիքի պատմական կարևոր իրադարձությունների մասին ներկայացումներին, ինչպես նաև տեսնել 17-րդ դարի վերականգնված կյանքը Հին Հալիձոր գյուղում: Բացի այդ, տեղի դերասանները կբեմադրեն Օրբելյան ազնվական ընտանիքի հետ միջնադարյան ճաշկերույթի թատերական վերարտադրությունը: Հանդիսատեսը կկարողա մասնակցել նաև ազգային խաղերին և պարերին։

tatev_ (2).jpg

«ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ կկազմակերպվի տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները կցուցադրեն տարածաշրջանի համար ավանդական արհեստները և այցելուների համար կանցկացվեն վարպետության դասեր։ Երաժշտական ​​ծրագրի շրջանակներում ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և Թառափ տրիո» խումբը։ Կնախատեսվի DJ-ով պարահրապարակ։

Փառատոնի տարածքում կգործեն սննդի գոտի, զվարճանքի և խաղերի լայն տեսականիով մանկական տարածք: Այցելուներին հասանելի կլինեն նաև շրջայցեր դեպի Տաթևի տարածաշրջանիտեսարժան վայրեր և, իհարկե, թռիչք հայտնի «ՏաԹևեր» ճոպանուղով:

«Փառատոնները շատ կարևոր դեր ունեն զբոսաշրջության ոլորտի համար։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն զարգացնում է զբոսաշրջությունը 4 հիմնական ուղղություններով՝ արկածային, մշակութային, գաստրո և բնություն։ Այս բոլոր 4 ուղղությունները ներկայացված կլինեն «Սարերում» փառատոնի շրջանականերում, որը շատ կարևոր է զբոսաշրջային հոսքեր ներգրավելու տեսանկյունից։ Մենք միշտ ցանկություն ունենք ստեղծել հետաքրքիր միջոցառումներ՝ միջազգային զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ ուղղություն դարձնելու նպատակով», նշեց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

«Փորձել ենք «Սարերում» փառատոնի ծրագիրը կազմել այնպես, որ տարբեր տարիքի ու հետաքրքրությունների մարդիկ խաղերի և ներկայացումների ձևաչափով տեղեկանան Սյունիքի մարզի պատմությանն ու նշանակալի իրադարձություններին: Հուսով ենք, որ հյուրերը կգնահատեն սյունեցիների հյուրընկալությունը, կվայելեն լեռնային գեղեցիկ տեսարանները և կանցկացնեն ուրախ հանգստյան օրեր: Մեզ համար փառատոնը նշանակալից է նաև նրանով, որ այն զբոսաշրջիկների նոր հոսք կներգրավի դեպի Տաթև և կօգնի զարգացնել տեղական ձեռներեցությունը։ Այս ամենն, իհարկե, դրական ազդեցություն կունենա մարզի տնտեսության վրա»,նշում է փառատոնի նախագծի ղեկավար Անի Դավթյանը։

tatev_ (1).jpg

«Սարերում» փառատոնը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, Ռուբեն Վարդանյան հիմնադրամը, «Իմպուլս մենեջմենթ» ընկերությունը և «Տաթևեր» ճոպանուղին:

Ծանոթագրություն:

«ՏաԹևերն» – աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող ծրագրի՝ «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի մի մասն է, որից ստացված շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և հարակից տարածքների զարգացմանը։ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը կառավարվում է «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի»-ի կողմից։

«Տաթևի Վերածնունդ» հիմնադրամը – շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հիմնական նպատակներն են Տաթևի վանքի վերականգնումը, մարզի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթևի զբոսաշրջային ուղղության զարգացումը և տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։

v_gorach.jpg