հայ

Միխայիլ Կազինիկը համերգով հանդես եկավ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում

Հայտնի երաժշտագետ, ջութակահար, գրող, մանկավարժ Միխայիլ Կազինիկը ստեղծագործական մեծ ծրագրով ժամանել է Հայաստան։ Ապրիլի 12-ին Դիլիջանի արվեստի պետական ​​քոլեջում տեղի ունեցավ նրա համերգ-դասախոսությունը՝ «Մշակույթի գաղտնի նշանները» թեմայով։ Համերգը կազմակերպվել էր Դիլիջանի դպրոցների, միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատությունների աշակերտների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար։ Համերգին հրավիրված էին նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական ​​միջնակարգ մասնագիտացված դպրոցի սաներն ու ուսուցիչները։

DSC_2376.jpgՀամերգին ելույթ ունեցան՝ Բորիս Կազինիկը (ջութակ), Իրինա Պացևինան (ջութակ), Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր): Ծրագրում ընդգրկված էին Մոցարտի, Վիենավսկու, Շոպենի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Խոսելով իր Հայաստանյան շրջագայության մասին՝ Միխայիլ Կազինիկը նշել է. «Հայաստանը մի ամբողջ Տիեզերք է։ Պատահական չէ, որ ներկայիս Միջազգային Ակադեմիան անվանեցի «Հայաստան՝ մոլորակի բաբախող սիրտը»: Հայաստանը ուղղակի մոլորակի վրա գտնվող մի երկիր չէ․ այն ժամանակների կապն է։ Հայաստանը հին տաճարներն են։ Յուրաքանչյուր տաճարում՝ զգացմունքային հուզմունք: Հայաստանը եզակի մասունքներն են։ Հայաստանի գույներն անհավանական են։ Նրանք ջերմացնում են մարդկանց հոգիները: Այդ գույները տեսնում ենք թե՛ գեղանկարչության, թե՛ զարդերի, թե՛ տաճարների ներքին հարդարանքի մեջ: Իսկ Արամ Խաչատրյանի երաժշտությո՞ւնը, Մարտիրոս Սարյանի նկանե՞րը...Չնայած Հայաստանը փոքր երկիր է՝ փոքրաքանակ բնակչությամբ, այստեղ մեկ մարդուն բաժին ընկնող հանճարների թիվը բավականին մեծ է։ Հայ հանճարը գերհանճար է։ Վերցնենք, օրինակ, Կոմիտասին․ նա փայլուն երաժշտական ​​անձնավորություն է, աշխարհի ամենահանճարեղներից մեկը։ Նա չի ստեղծել բարդ սիմֆոնիաներ, չի ստեղծել ծավալուն օպերաներ, բայց ստեղծել է մի ողջ աշխարհ։ Եվ Կոմիտասի աշխարհը շատ կարևոր է։ Նրա կյանքն ու ճակատագիրը կարող էին առանձին ակադեմիայի հիմք դառնալ»։

DSC_2280.jpgՄիխայիլ Կազինիկը փիլիսոփա է, մանկավարժ, արվեստաբան, գրող, բանաստեղծ, ռեժիսոր, Ստոկհոլմի դրամատիկական ինստիտուտի և Սկանդինավիայի բիզնեսի բարձրագույն դպրոցի դասախոս, Նոբելյան համերգի առաջատար փորձագետ։ 1991 թվականից Միխայիլ Կազինիկը բնակվում է Շվեդիայում։ Նա պարբերաբար համերգներ ու կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում։ Իր ելույթներում նա խոսում է արվեստի և դասական երաժշտության պատմության մասին։

Միխայիլ Կազինիկը զարմանալի մարդ-թատրոն է. ֆիլհարմոնիան և կոնսերվատորիան՝ ի դեմս մեկ անձի։ Նա ոչ միայն փայլուն դերասանական հմտություններով, բուռն խառնվածքով և հանրագիտարանային գիտելիքներով օժտված մարդ է, այլև առաջին հերթին՝ երաժիշտ, դաշնակահար և ջութակահար: Նա պայքարում է բառիս բուն իմաստով՝ պաշտպանելով ժամանակակից կյանքում դասական երաժշտության համատարած, հասանելի և իմաստալից գոյություն ունենալու իրավունքը: Նա չի պատմում կոմպոզիտորների կենսագրությունները, այլ տալիս է նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործությունները հասկանալու բանալիները։ Նա յուրովի է մեկնաբանում սովորական դարձած բաները և քանդում է կարծրատիպերը։

DSC_2369.jpgՄիխայիլ Կազինիկը Հայաստանում անցկացրեց «Ստեղծագործական ակադեմիա»-ն։ Ապրիլի 14-ին նախատեսվում է նրա ելույթը Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայում։ Դիլիջանում Միխայիլ Կազինիկի համերգ-դասախոսության կազմակերպիչը Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամն է (TUF)։ Միջոցառումն իրականացվել է Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի ընկերության և Դիլիջանի Համայնքային Կենտրոնի աջակցությամբ։