հայ

Դիլիջանում կայացավ քաղաքային զբոսայգու վերակառուցման ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը

DSCF1990.jpg

Փետրվարի 2-ին տեղի ունեցավ Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերակառուցման և զարգացման ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը։ Հանդիպումը դիլիջանցիների և քաղաքի հյուրերի հետ անցկացվեց բաց քննարկման ձևաչափով: Միջոցառմանը ներկա էին տարբեր մասնագիտությունների և տարիքային խմբերի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում հնչեցրած կարծիքներն ու գաղափարները հաշվի կառնվեն վերջնական հայեցակարգը մշակելիս:

Դիլիջանի քաղաքային զբոսայգին քաղաքի գլխավոր կանաչ հանրային տարածքն ու ժամանցի վայրն է: Ներկայումս այն չի համապատասխանում բարեկարգման ժամանակակից չափանիշներին։ 2022 թվականին, Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի շրջանակներում, «Իմպուլս մենեջմենթ քոմփանի ընկերությունը» և Project Group 8 թիմի ճարտարապետները նախաձեռնեցին զբոսայգու վերակառուցման ծրագիրը։

DSCF1931.jpgԶբոսայգու վերակառուցման ծրագիրնը մասնակցային մեթոդի կիրառմամբ առաջին նախագիծն է Հայաստանում. բացի ճարտարապետներից, սոցիոլոգներից, անտրոպոլոգներից, դենդրոլոգներից, ջրային ինժեներներից և այլ մասնագետներից նախագծի մշակման գործընթացում ներգրավված են նաև տեղի բնակիչները։

Նախապատրաստական փուլում ճարտարապետների թիմը, համագործակցելով Socies սոցիոլոգիական կենտրոնի և Urbanista.am մեդիա հարթակի հետ, իրականացրել է 32 էքսպրես հարցազրույց այգու այցելուների, 29 անձնական և խմբային հարցազրույց դիլիջանցիների հետ, 12 ֆոկուս խմբեր և 3 քաղաքային քննարկում։ Արդյունքում հավաքագրվել է քաղաքի բնակիչների կարծիքներն ու պահանջները արտահայտող 267 հարցաթերթ։ Ընդհանուր առմամբ, զբոսայգու զարգացման հայեցակարգի մշակմանը մասնակցել է ավելի քան 600 մարդ։

Այգու այցելուների և նրանց կարիքների ուսումնասիրությունը նախնական փուլում բացահայտվել են դիլիջանցիների հինգ հիմնական պահանջները, որոնք էլ ներկայացվել են նախագծում.

  1. Զբոսայգին պետք է աշխատի ցանկացած եղանակին (անհրաժեշտ են անձրևապաշտպան ծածկեր, հարմարավետ արահետներ, ձմեռային հանգիստն ապահովող ենթակառուցվածքներ):
  2. Այգին պետք է համալրվի ստեղծագործելու և սովորելու համար հարմարավետ տարածքներով:

  3. Այգում բացակայում են ջրի հետ փոխգործակցության պայմանները (կառանման տեղեր և նավակներ, հասանելի առափնյա, կանոնակարգված ձկնորսություն):

  4. Զբոսայգում պետք է ստեղծվեն քաղաքի և անտառի միջև շփման կետեր (ելքեր դեպի արշավային արահետներ, կապ Ազգային պարկի հետ):

  5. Զբոսայգին Դիլիջանի այցեքարտն ու պատկերն է, մշակույթի, պատմության, ինքնության արտացոլանքը:

DSCF2004.jpg

Զբոսայգու բարեկարգման ծրագիրը կմեկնարկի փուլերով և կներառի.

  • արհեստական ​​լճի գոտու բարեկարգում: Այստեղ նախատեսվում է ստեղծել հանրային տարածքներ և ենթակառուցվածքներ՝ ջրային ռեսուրսների օգտագործման համար:

  • հին հյուրանոցին հարող տարածքի բարելավում, որը նախատեսված է դարձնել մշակութային խոշոր միջոցառումների անցկացման գլխավոր վայր
  • առափնյայի և կենտրոնական ծառուղու բարեկարգում

  • բացօթյա աշխատանքի, զբոսախնջույքների և փոքրածավալ միջոցառումների համար նախատեսված բաց տարածքի ստեղծում

  • գործող խաղահրապարակի ընդլայնում և վերանորոգում
  • առկա սպորտային ենթակառուցվածքների արդիականացում, ինչպես նաև նոր սպորտային օբյեկտների գործարկում՝ բացօթյա և փակ տարածքներում:

Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերակառուցման և զարգացման ամբողջական ծրագիրը, սոցիոլոգիական հետազոտությունները, քաղաքային քննարկումների արդյունքները, ինչպես նաև գաղափարների և առաջարկությունների վերաբերյալ հետադարձ կապ հաստատելու ձևը հասանելի են ծրագրի պաշտոնական կայքում:

Ծրագրի նախաձեռնողներ՝ «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերություն, Դիլիջանի քաղաքային զբոսայգու թիմ:

Ծրագրի մշակում՝ Project Group 8:

Մեդիա գործընկեր՝ Urbanista.am:

DSCF2019.jpg