հայ

«ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է «World Travel Awards» 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն հաղթել է այս անվանակարգը 2021 թ․-ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:

«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է: 

2023 թ․-ի հոկտեմբերի 16-ին «ՏաԹևեր» ճոպանուղին նշեց իր գործունեության 13 տարին։ 2010 թ․-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։ «ՏաԹևեր» ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանն ու համայնքների զարգացմանը: Ճոպանուղին կառավարվում է Impulse Business Management ընկերության կողմից։

«ՏաԹևեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝

  1. Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով
  2. Գրանցվել էլեկտրոնային փոստով
  3. Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը
  4. Սեղմել Vote Now կոճակը
  5. Ընտրել World բաժինը
  6. Ընտրել 60-րդ տողը՝ World's Leading Cable Car Ride 2023
  7. Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։ 

Քվեարկության վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է:

photo2.jpg