հայ

Ֆուտբոլի վերածնունդը Դիլիջանում՝ «Իմպուլս» Ֆուտբոլի Ակադեմիա

2023 թվականի սկզբից Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլային ակումբում գործում է ֆուտբոլի մանկական ակադեմիան, որտեղ մարզվում են 5-ից 16 տարեկան 200 պատանի ֆուտբոլիստներ։ Ակումբի` տղամարդկանց նորաստեղծ թիմն արդեն իսկ մասնակցում է սիրողական լիգայի (Հայաստանի երրորդ ուժեղագույն դիվիզիոն) պաշտոնական խաղերին։ 

Այս տարվա հունվարին «Իմպուլս» ֆուտբոլային ակումբը Դիլիջանի զարգացման հիմնադրամի (DDF) աջակցությամբ բացեց ֆուտբոլի մանկական ակադեմիան, որը ակտիվ և առողջ ապրելակերպի մշակույթի խթանման նոր ալիք բարձրացրեց սպորտային հարուստ անցյալ ունեցող Դիլիջանում   Մեկ տարուց քիչ ժամանակում նախագծում ներգրավվել են երկու հարյուր պատանի, ձևավորվել են տղամարդկանց և կանանց մեծահասակների թիմեր, ինչպես նաև՝ կազմավորվել է միջազգային փորձառու մասնագետներից բաղկացած աշխատակազմ: 

photo5.jpg

Այսօր այստեղ երեխաների հետ միաժամանակ աշխատում են ռուս և հայ մարզիչներ։ Ակադեմիայի մարզական տնօրեն Ալեքսանդր Գոլովենկովը երկար տարիներ աշխատել է երեխաների հետ Մոսկվայի «Բարսելոնա», «Միլենիում Յունայթեդ» դպրոցներում և մերձմոսկովյան «Իստրա» մանկապատանեկան մարզադպրոցում։ «Իստրայից» նրա գործընկերը՝ ավագ մարզիչ Ֆիլիպ Սնիխովսկին, աշխատել է նաև Կրասնոդարի ակադեմիայում։ «Իմպուլսի» մյուս մարզիչը` Նարեկ Դավթյանը, ծնունդով դիլիջանցի է, տեղի մարզադպրոցի սան, Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն լիգայի  նախկին խաղացող։ 

Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ակադեմիայում մշակվում է մարզումների արդյունավետ ծրագիր: Ընդհանուր ֆիզիկական զարգացման և ֆուտբոլային հմտությունների հետ մեկտեղ այստեղ երեխաներին և դեռահասներին օգնում են ձեռք բերել առաջնորդության և թիմային աշխատանքի հմտություններ, սովորեցնում նպատակներ դնել և որոշումներ կայացնել: 

photo3.jpg

«Իմպուլսի» մանկական թիմերը պարբերաբար ընկերական հանդիպումներ են ունենում Երևանի և Տավուշի մարզի հասակակիցների հետ: 2024 թվականին նախատեսվում է նրանց մասնակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցումներին։ 

«Իմպուլսը» նախատեսում է մարզել պատանի սաներին իր իսկմեծահասակների թիմերի խաղացողներ դարձնելու համար: Ակումբի տղամարդկանց հիմնական թիմը հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի սիրողական լիգայում։ Ակումբի ղեկավարության և ֆուտբոլային հանրության կարծիքով, մոտ ապագայում թիմը պրոֆեսիոնալ՝ առաջին դիվիզիոնում տեղ զբաղեցնելու մեծ շանսեր ունի։ Բացի այդ, «Իմպուլսը» առաջիկայում նախատեսում է ընդլայնել ակադեմիայի մարզչական կազմը: 

«Իմպուլս ֆուտբոլային ակադեմիա» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում։

Ակադեմիայում գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել + 374 94 948084 հեռախոսահամարով:

photo1.jpg